Արմինֆո. Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:
Իր ելույթում Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Երևանի շախմատային մարզադպրոցները պետք է նոր կյանք ստանան։ Այցի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկվել են շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ եղել է նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշվել է նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:<Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր>,- ընգծել է Մխիթար Հայրապետյանը։