Արմինֆո.Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին ՝ Դավիթ Մովսիսյանն ազատ է արձակվել: Ինչպես Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Գոռ Գեւորգյանը, համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 27-ին:
Ըստ պաշտպանական կողմի ՝ նախօրեին դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։ Գևորգյանը նաև նշել է, որ Դավիթ Մովսիսյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, և դատարանը որոշում է կայացրել հիմնավորված կասկածի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2020թ. հունվարի 30-ին ՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊՆ ուսումնական կենտրոնում. N զորամասի զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ ինքնաձիգից կրակել է իր կրծքին և մահացել:ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (հայտնի է որպես "Շմայս") որդին՝ Դավիթ Մովսիսյանը, ինչպես նաեւ եւս երկու անձ՝ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը, ձերբակալվել են ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվանն առնչվող քրեական գործի շրջանակներում: