Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից 29 պատգամավորների անունից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ նամակ է հղվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղղորդել են Հայաստանի եվրոպացի բարեկամների մամուլի ծառայությունից, նամակը նախաձեռնել է Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրդեսը։
Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին սահմանել ԵԱՀԿ առաջարկած՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Պատգամավորները հիշեցնում են, որ Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի կիրառման մանրամասները, և ընդգծում են, որ Ադրբեջանը ևս պարտավոր է դա անել։
«Եվրախորհրդարանի պատգամավորները կրկին իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը: Եվրապատգամավորներն նաեւ խորը մտահոգությունն են հայտնում ատելության խոսքի, պատերազմապաշտական հռետորաբանության վերաբերյալ և Եվրամիությանը կոչ են անում քայլեր ձեռնարկել այդ երևույթների դեմ։ Եվրախորհրդարանի անդամներն ընդգծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում։