Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվում հանրակրթության պետական չափորոշիչների, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մեջ: Նախարարությունը պարզաբանել է իր հայտարարությունը։
Գերատեսչության ներկայացրած հայոց լեզվի և գրականության չափորոշիչը բուռն քննարկումների առարկա է դարձել լայն հանրության շրջանում։ Մտահոգություն է հարուցել այն հանգամանքը, որ Մովսես Խորենացու, Եղիշեի, Կորյունի, Գրիգոր Նարեկացու, Նաղաշ Հովնաթանի, Ներսես Շնորհալիի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Ղևոնդ Ալիշանի, Ֆրիկի ստեղծագործությունները հանվել են 7-12-րդ դասարանների համար նախատեսված "գրականություն" առարկայի։ Այդ առնչությամբ նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում ասվում է.
«Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։ Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։ Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո»։