Արմինֆո.<Твой дом> առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրության ապրանքները, հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը РБК-ին։
<Առավոտվանից մեզ դիմել են հայ խոշոր արտահանողները։ Նրանք պատմել են այն մասին, որ <Твой дом> առևտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Աղալարովին և հարևան երկրից այլ անձանց, հեռացրել են հայկական արտադրության բոլոր ապրանքները>,- նշել է Տողանյանը։
Ըստ ՀՀ դեսպանի՝ խոսքը վերաբերում է պահածոյացված ապրանքներին, ինչպես նաև հանքային ջրին ու ալկոհոլին։ <Փոխարենը, բոլոր վաճառասեղանները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ Սա սադրանք է, որի նպատակն է Ռուսաստանի բոլոր առևտրային կետերը վերածել «Մեծ Լեռնային Ղարաբաղի», ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեզ մոտ են գտնվում հայկական ընկերությունների և առևտրային կենտրոնների մենեջերների նամակագրությունները։ Վերջիններս, բացահայտ հղում կատարելով ղեկավարության հրամաններին, նշում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման դադարեցման մասին։ Այս փաստերի մասին արդեն հայտնել եմ համապատասխան գերատեսչություններին>,- ասել է Տողանյանը։
<Твой дом> առևտրի ցանցի հայաստանյան մատակարարների խնդիրների մասին Facebook-ում հայտնել է նաև <Export Armenia> ընկերության հիմնադիր Էմիլ Ստեփանյանը:
<Այսօր մեր վաճառքի խորհրդատուները մտել են առևտրի կենտրոն և հասկացան, որ մեր արտադրանքը ՝ մուրաբաներ, ջեմեր, հյութեր, կոմպոտները և այլ պահածոներ, վաճառասեղաններից անհետացել են։ Եվ այսպես էր ցանցի բոլոր վեց խանութներում։ Մենք անմիջապես զանգեցինք բոլոր գործընկերներին, որոնք վաճառում են հանքային ջուր, ալկոհոլ, նրանք ասացին, որ իրենց մոտ նույն իրավիճակն է։ Բեռնատարներին հետ են ուղարկել, ապրանքները չեն ընդունվել: Այդ ամենը սկսվեց շաբաթ օրվանից>, - ՌԲԿ-ին պատմել է <Արմտորգ> ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը ։ Նրա ընկերությունը աշխատում է ցանցի հետ երեք տարի։ Բաբայանի խոսքով ՝ բոլոր վաճառասեղանները, որտեղ նախկինում եղել են հայկական ապրանքները, հիմա զբաղեցված են ադրբեջանական ապրանքներով։
<Крокус Групп>-ը, որը <Твой дом> առևտրային կենտրոնների ցանցի սեփականատերն է, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Նշենք, որ օրերս ադրբեջանցիներին պատկանող <ֆուդ սիթի< շուկան հրաժարվել է հայկական գյուղատնտեսական արտադրանքից։
Այսպես կոչված <պատերազմը> առեւտրի կետերից տեղափոխվել է նաև Մոսկվայի փողոցներ ։ Երեկ հաղորդվել Էր Մոսկվայի փողոցներում հայերի վրա հարձակման եւ ադրբեջանցիների կողմից նրանց ծեծի ենթարկելու մասին։