Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ <Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ: Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ>,- նշել է նա։ Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն, հուլիսի 21-ին՝ ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: <Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի>,-նշել է Շուշան Ստեփանյանը։