Արմինֆո. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է հայ ներկրողների եւ Մոսկվայում տարբեր առևտրային հարթակներում, այդ թվում ՝"ֆուդ սիթի"մեծածախ-մանրածախ կենտրոնում գործունեություն ծավալող ձեռներեցների հետ։
Ինչպես հաղորդում է ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև առաջացած խնդիրների կարգավորման ուղիներին առնչվող հարցեր: Կարևորվել է համակարգված գործողությունների իրականացումը՝ առկա հարցերը ՌԴ օրենսդրության շրջանակներում կարգավորելու նպատակով։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ֆոնին Ռուսաստանի տարածքում մի շարք միջադեպեր են տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների մասնակցությամբ: Դա ազդել է հայ արտահանողների գործունեության վրա, որոնք բախվել են Մոսկվայի "ֆուդ սիթի" շուկայում ապրանքների իրացման խնդրին։ Մասնավորապես, ծիրանով բեռնված 50 բեռնատարները դուրս են բերվել շուկայի տարածքից։ Իրավիճակը փրկել է բազմաթիվ հայ համայնքը, որը սկսել է ծիրան գնել՝ ցուցադրելով միասնություն և համախմբվածություն։ Ավելին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն իր տարածքները տրամադրել է բեռնատարների կայանելու համար։ Նմանատիպ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում։