Արմինֆո. Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով խաղաղ բանակցային գործընթացի մասին ադրբեջանական ղեկավարության վերջին հայտարարությունների վերաբերյալ «Ինտերֆաքսի» հարցին:
«Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո:
Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք: Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում: Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից », - ամփոփել է ԱԳՆ մամուլի խոսնակը: