Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվածների թիվը կրկին գերազանցել է վարակման նոր դեպքերի թիվը։ Այդ մասին են վկայում հուլիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
Մասնավորապես, մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 561 քաղաքացի։ Ընդ որում, մահացել է 49-84 տարեկան 13 քաղաքացի, որոնք ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմել է 34 001, առողջացածներինը' 22 492, մահացել է 620 հիվանդ: Կորոնավիրուսի առկայության դեպքում այլ պատճառներով մահացած քաղաքացիների թիվը հասել է 197-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 692 մարդ։ Ընդհանուր առմամբ, անցկացվել է 143 114 թեստավորում։