Արմինֆո. Երեկ և գիշերվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իջեւանում տեղեկատվական-ճգնաժամային կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը։
Ընդ որում, նա տեղեկացրել է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում ՝ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրետանի չի կիրառվել: "Գնդակոծությունն իրականացվել է Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական պետական սահմանի ողջ երկայնքով, գննդակոծվել է Նոյեմբերյանը, բացի այդ՝ Գեղարքունիքի ուղղությամբ (2-րդ բանակային կորպուս), Նախիջեւանի ուղղությամբ (4-րդ եւ 5-րդ զորամիավորումներ)։ Ընդհանուր առմամբ գնահատելով իրավիճակը՝ կարող եմ ասել, որ լարվածությունը նվազել է", - նշել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով վիրավոր զինծառայողների վիճակին՝ նա նշել է, որ իրավիճակը չի փոխվել, վիրավորներից մեկի վիճակը, նախկինի պես, ծայրահեղ ծանր է, բայց՝ արդեն կայուն:
Պատասխանելով Ճշտող հարցին այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է 30 վիրավորների մասին, մինչդեռ ՊՆ՝ 20-ի մասին, Հովհաննիսյանն ասել է, որ այս հարցում հակասություն չկա, և ընդհանուր առմամբ 36 մարդ է վիրավորվել, բայց շատերի վիրավորումն այնքան աննշան է եղել, որ նրանց տեղում օգնություն է ցուցաբերվել, և նրանք վերադարձել են ծառայության: "Ինչպես արդեն ասել եմ, 10 զինծառայողներ այսօր գտնվում են հոսպիտալում, 5-ի վիճակը ծանր է", - նշել է Հովհաննիսյանը:
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ նա ասել է, որ այնտեղ նույնպես եղել են կրակոցներ, այդ թվում ՝ խոշոր տրամաչափի զենքերից, բայց իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է:
Հովհաննիսյանը նաև հաղորդել Է, որ նախօրեին ադրբեջանական կողմը դիմել է հերթական արկածախնդրության, և հայ օգտատերերի համարներին հաղորդագրություններ են ստացվել, իբր, ՀՀ ՊՆ-ից՝ վիրավոր զինծառայողների համար դոնորական արյան անհրաժեշտության մասին: Այս կապակցությամբ նա կոչ է արել զգոն լինել, չհավատալ նման սադրանքներին, և հավաստիացրել է, որ օպերատորներն արդեն իսկ վերացնում են այդ խնդիրը: