Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան հետ մղելու ժամանակ հայ-ադրբեջանական պետական սահմանին զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: