Արմինֆո. Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։
Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը, հավելելով, որ նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ինչպես հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 19-20-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր, ուստի խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում հուլիսի 16-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 15-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: