Արմինֆո.Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հավելելով, որ տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ «Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչը հաղորդել էր, որ Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է: «Աայս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի», - նշել էր Շուշան Ստեփանյանը։
ՊՆ մամուլի քարտուղարը կեսօրին մոտ հաղորդել էր, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։
Մինչդեռ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հաղորդել է, որ բացի երկու ոստիկաններից, վիրավորվել են նաև ՀՀ ԶՈՒ երեք զինծառայողներ: