Արմինֆո.Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները ու դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն, հատկապես ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում։ Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարել Է փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
<Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ այս ամբիոնից կրկին լսելի դարձնել և վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության և անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը:
Միաժամանակ, արձանագրենք, որ հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ ու նվիրումով իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին: Ցանկանում եմ զորակցություն հայտնել մեր զինվորներին ու սպաներին, որոնք հերթական անգամ ի ցույց են դնում մեր ռազմական ուժն ու լիակատար պատրաստվածությունը>,- ասել է Ավինյանը։