Արմինֆո. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այդ մասին հաղորդում է DataLex դատական տեղեկատվական համակարգը։
Հայրապետյանը նախարարությունից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթի կազմակերպման գործընթացը։ Գործը վարույթ է ընդունվել հուլիսի 7-ին։
Հավելենք, որ 2019թ. հունիսին Հայրապետյանն ազատվել էր ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դոկտորական ատենախոսության մեջ ի հայտ եկած խնդիրների պատճառով:
Ռեկտորի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 17-ին. կմասնակցեն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը և պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանը: Ավելի վաղ ԲՈՀ-ի նախկին ղեկավար Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Դիանա Գալոյանի գիտական աշխատանքում առկա են գրագողության ակնհայտ փաստեր։ Նա նաեւ նշել էր, որ Դիանա Գալոյանին հովանավորում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Կողմերը հերքել են այդ մեղադրանքները։