Արմինֆո. «Հեռանում եմ Հայաստանից՝ պահելով այն իմ սրտում», - փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Ընդգծելով, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ փոխվարչապետը կարևորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումն, այլև համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում:
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առևտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը: