Արմինֆո. Կորոնավիրուսի հետ կապված վիճակը մնում է կայուն, բայց ծանր։ Այս մասին հուլիսի 9-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
<Մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանն սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք, այսինքն՝ 0 է թիվը, և ամենօրյա վիճակագրությունն ամեն դեպքում բացասական միտում ցույց չի տալիս: Նաև այն քաղաքացիների շատ փոքր թիվ ունենք, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվը, առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ, 13 է և օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում: Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար: Մենք պետք է շարունակենք ծավալված բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը: Նոր ծավալումներ լինելու են մոտակա թե՛ շաբաթներին, թե՛ ամիսներին: Բայց, եթե 1-2 բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա>,- ասել է Թորոսյանը։
Բացի այդ, նրա խոսքով, շարունակվում են հիվանդանոցային հզորությունների ուժեղացման աշխատանքները։ <Սպիտակն ամբողջությամբ արդեն ծավալված է, և ծավալված 120 մահճակալները գրեթե ամբողջությամբ զբաղված են: Դա նոր ծավալումներից ամենամեծն էր: Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական էր, բայց մի քանի տեխնիկական հարց կար, այսինքն՝ մոտ օրերս վերջնական տեղի կունենա: Վերակենդանացման բաժանմունքների մասով՝ մենք ունենք 3 սպասվող՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Միքայելյան վիրաբուժության և Էրեբունի բժշկական կենտրոն: Ես Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին երեկ անձամբ այցելել եմ: Այն գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ: Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք, մոտ 25 մահճակալանոց, և գործող՝ այս պահին մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնովիրուսային հիվանդությանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Միքայելյանը վիրաբուժության ինստիտուտի ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում: Չնայած շատ ակտիվ, բայց ամեն դեպքում դրանք 0-յից են ստեղծվում, և մեր նախնական թիրախային ժամկետներն օգոստոսի կես-սեպտեմբեր է: Եվ եթե ենթադրենք, որ ամբողջ աշխարհում նաև ակնկալվում է, այդ թվում՝ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին ծավալում է՝ ի սպասում այդ աճի>,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ այս ընթացքում, ըստ էության, ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով կամ կոնցենտրատով մահճակալներ՝ 1488 այդպիսի մահճակալ ունենք, ինչը շատ կարևոր է կոնկրետ կորոնավիրուսի բուժման առումով:
<Ես ուզում եմ արձագանքել նաև այսպիսի մի թեմայի, որովհետև նախորդ կառավարության նիստից հետո շատ քննարկվեց, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց Հայաստանի կառավարությունը և Առողջապահության նախարարությունը բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար: Ուզում եմ պարզաբանել, որ, քանի որ ամբողջ աշխարհն սպասում է պատվաստանյութի, մարդիկ, գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, և ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք, ըստ էության, արդեն իրականացրել են գնում, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ այդ գնումը ապագա ձեռք են բերել, ինչը մտավախություններ է առաջացնում նաև, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ, և մեխանիզմներ են մտածվում՝ ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա>,- ասել է վարչապետը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ավելացրել է․ <Իրականում պատվաստանյութ կա, և կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ՝ ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են: Դրանք կան՝ ամեն ինչով, ինչ-որ վերջնական պրոդուկտով, որպեսզի շարունակեն կլինիկական փորձարկումները: Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքների լինել կամ չլինելու: Դրանք շատ են, և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումն էլ լինելու է ոչ մեկը, այլ մի քանիսը>։