Արմինֆո. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում:
ՏԿԵՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային և կառուցողական մոտեցման նկատմամբ:
Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում: Դեսպանի խոսքով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաև Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը :
Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները և ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալությունը հաղորդել էր, որ գերմանական KfW բանկը Հայաստանին 23,2 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի կենսաբազմազանության պահպանման եւ կայուն տեղական զարգացման ծրագրի իրականացման համար: Դրամաշնորհային միջոցները տրամադրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը։ Գերմանիայի կողմից ֆինանսական օգնության ծավալն աննախադեպ է տարածաշրջանում և հանդիսանում է խոշորագույններից մեկը գլոբալ առումով։
Բացի այդ, KfW-ն Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ աջակցում է Կապսի ջրամբարի եւ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 60 մլն եվրո: Առաջին փուլում նախատեսվում է, որ ջրամբարի ծավալը կկազմի 25 մլն խմ, որից հետո կհասնի 60 մլն խմ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառույցների կառուցում, Ախուրյան գետի հիդրոլոգիական դիտորդական ցանցերի վերազինում (Արփի լճից մինչև Ախուրյանի ջրամբար), լրացուցիչ կայանների կառուցում և կենտրոնացված տվյալների բազայի ստեղծում (SCADA համակարգ): Ծրագրի հաջող իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի մեխանիկական ոռոգման համակարգը փոխարինել ինքնահոսով' 2280 հա հողատարածքի ընդգրկմամբ: Այսպիսով, կհաջողվի տնտեսել 1.3 մլն կվտ / ժ էլեկտրաէներգիա։
Նախատեսվում է կառուցել նաև Իրան-Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծ։ Այդ նպատակով Վրաստանի սահմանին նախատեսվում է կառուցել "Այրում" և "Դդմաշեն" էլեկտրական ենթակայանները: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի նախնական արժեքը, FICHTNER ընկերության տվյալների համաձայն, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը պետք է լինի Վրաստանի ավանդի մի մասը: Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր։ Մասնավորապես, 168 մլն եվրո վարկի տեսքով տրամադրել է գերմանական KfW բանկը, եւս 10 մլն եվրո կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը։ Սպասվում է եւս 10 մլն եվրո ՝ Եվրոպական հանձնաժողովի դրամաշնորհի տեսքով։