Արմինֆո. ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն՝ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ շարունակվող սկանդալի կապակցությամբ։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։
<Նախ և առաջ առողջություն և շուտ ապաքինում եմ ցանկանում բոլոր հիվանդներին, իսկ մնացյալին՝ ամուր առողջություն ։ Աստծո կամքով կհաղթահարենք այս համավարակը։
Անշուշտ նկատել եք, որ Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում։ Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին և, ընդհանրապես , չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։ Ըստ Հովիկի՝ բոլորը ,,մեղավոր ,, են, որ ինքը կինո չի նկարում։ ,,Մեղավոր ,, եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը... ԵՎ Հովիկը ,կինո նկարելու փոխարեն , ,,արդարության սուրը,, ձեռքին, որոշել է ,,պատժել,, բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում են... Նման ախտորոշումը բժշկության մեջ կարծես շատ կոնկրետ անվանում ունի։
Ինչպես գիտեք, դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իմ վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը ,որի համար այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր ժամանակն այս չնչին հարցով ծանրաբեռնելու համար>,- գրել է նա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով քրեական գործ հարուցելու մասին։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ:ՔԿ համաձայն՝ <2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար>։ Գալստյանը, բազմիցս նշել է, որ վստահել է Ամիրյանին և այդ գումարը տրամադրել Կաննում հայկական պատվիրակության պատշաճ մասնակցությունն ապահովելու համար ։ Նախարարը, ըստ նրա, վերցրել է գումարը ՝ սեղմ ժամկետներում դրանք վերադարձնելու պայմանով, սակայն այդպես էլ չի պահել իր խոստումը ։ Ռեժիսորն ստիպված է եղել վարկ վերցնել «Տատիկիս վարսերը» նախագծի իրականացման համար: