Արմինֆո. <Արևելյան գործընկերության> երկրների արտգործնախարարների հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափով արդյունավետ էր, և, անշուշտ, այդ երկխոսությունն անհրաժեշտ է։ Այս մասին ՀՀ կառավարության հարթակում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
Նրա խոսքով՝ օրակարգում, իհարկե, առաջին հերթին COVID-19-ն էր և դրա հաղթահարումը, ինչպես նաև, անշուշտ, Արևելյան գործընկերության առաջնայնությունների քննարկումը։ <Քանի որ այս բարձր մակարդակի հանդիպումն անցկացվում էր տեսակապի միջոցով, որոշում կայացվեց, որ դեկլարացիա կամ վերջնական փաստաթուղթ չի ընդունվի այս անգամ և այն կիրականանա մյուս տարվա սկզբում>,- ասել է Ադոնցը։
Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային փոխգործակցությանը՝ նա նշել է, որ այսօրվա միջազգային հարթակում համար առաջին մարտահրավերը նոր տիպի կորոնավիրուսը կամ COVID-19-ը և դրա հաղթահարումն են:
<Միջազգային համատեքստում, COVID-19-ի մարտահրավերը հաղթահարելու առաջին պարտադիր նախապայմանը համախմբված և համերաշխ լինելն է։ Սրանք պաթոսային խոսքեր չեն, դրանց մեջ կա շատ հարուստ և շատ պրակտիկ բովանդակություն, որի արդյունքները մենք այսօր զգում ենք, շոշափում ենք նաև Հայաստանում։ Եթե մանրամասն ներկայացնեմ, թե ով, որ երկիրը, որ կառավարությունը և որ միջազգային կազմակերպությունը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ մեր եթերի ժամանակը չի բավարարի, բայց դրա քարտեզը բավականին լայն է․ Միացյալ Նահանգները, Եվրոպական Միության անդամ և ոչ միայն անդամ երկրները, օրինակ՝ Շվեյցարիան կամ Սերբիան, ինչպես նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան տրամադրել են պաշտպանիչ միջոցներ, պարագաներ, դիմակներ, բժշկական այլ պաշտպանիչ պարագաներ և տեխնիկական միջոցներ, օդափոխիչ սարքեր, դեղորայք և այլն։ Օրինակ, Հնդկաստանն առաջին փուլում մեզ ուղարկեց դեղորայք, որը բավականին դժվար էր ձեռք բերել։ Չինաստանի օգնությունը բավականին բազմապրոֆիլային էր` թե բժշկական պարագաներով և թե այն տեխնիկական, ադմինիստրատիվ օգնությամբ, որ ցուցաբերվեց չինական իշխանությունների կողմից։ Եվրոպական միության կողմից տրամադրված աջակցության պարագայում կարող եմ նշել 3 մլն արժողությամբ ծրագիրը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով` տեղափոխվեց Հայաստան Չինաստանից։ Եվ, իհարկե, Եվրոպական միության 92 մլն արժողությամբ փաթեթը, որի նպատակն է հաղթահարել ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաև դրա սոցիալ-տնտեսական հետևանքները: Այդ փաթեթը ենթադրում է նաև բյուջետային աջակցություն, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին և քաղաքացիական հասարակությանը>,- ասել է Ադոնցը։
Ճշգրտող հարցին, թե 92 մլն եվրոյի աջակցությունն արդեն ամբողջությամբ փոխանցվել է, թե՞ դեռ ընթացքի մեջ է՝ նա նշել է, որ ամբողջությամբ իրականացվել է այդ 3 մլն եվրո արժողությամբ արագ արձագանքման ծրագիրը։ <92 մլն եվրոյի ծրագիրը հետևողական գործընթացի արդյունք կլինի, բայց ես չեմ ասում, որ դա մի տարի կամ տարիներ կտևի, այսինքն՝ արագ, բայց այնուամենայնիվ՝ դեռ ոչ>,- ասել է նա։
Հարցին, թե եվրոպական այսքան մեծ աջակցությունը պայմանավորված է Հայաստան-ԵՄ լավ փոխհարաբերություններով, թե՞ սրա վրա նաև ազդում է Հայաստանում կորոնավիրուսային ծանր իրավիճակը, Ադոնցն ասել է․ <Նախ և առաջ ոչ միայն Եվրոպական Միության, այլ նաև ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների, օրինակ՝ Պարենի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի, բոլոր աջակցության ծրագրերը, որոնք առաջարկվել են մեզ և իրականացվել են Հայաստանում, կրում են բարեկամական բնույթ։ Իսկ եթե Ձեր հարցը վերաբերում էր մասնավորապես ԵՄ-ին, ապա ԵՄ-ի հետ մենք վստահելի գործընկերներ ենք և ԵՄ-ն մեր և՛ քաղաքական, և՛ առևտրա-տնտեսական ամենակարևոր գործընկերներից է>։