Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունների համար խաղաղությանը նպաստող և բարենպաստ մթնոլորտի ստեղծման և պահպանման կարևորությունն են ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հեռակոնֆերանսի արդյունքում տարածած հայտարարության մեջ:
ԱրմԻնֆո-ին տրամադրված ԵԱՀԿ հաղորդագրության համաձայն, համատեղ տեսակոնֆերանսին նախորդել են միջնորդների առանձին բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել, տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հետագա քայլերը քննարկելու համար։ Տեսակոնֆերանսին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Աղբյուրի համաձայն, միջնորդները դրական են գնահատել տեղում իրավիճակի համեմատաբար կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարումից խուսափելու համար։
Միեւնույն ժամանակ, հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը, միջնորդները մտահոգություն են հայտնել, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հրահրիչ հռետորաբանությունը և տեղում իրավիճակը շոշափելիորեն փոխելուն միտված հնարավոր քայլերը կարող են խարխլել կարգավորման գործընթացը։
«Համանախագահներն ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին համառորեն կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հրադադարը ռեժիմն ամրապնդելու և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար։ Համանախագահները նաև ընդգծել են PRCIO-ի ղեկավարությամբ դիտարկումը վերսկսելու հրատապ անհրաժեշտությունը՝ հենց որ պայմանները թույլ տան: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են հուլիսին ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել և հնարավորինս շուտ առերես հանդիպում կազմաակերպել»,- ասված է միջնորդների հաղորդագրությունում։