Արմինֆո. Մարդիկ, ովքեր փորձում են սևացնել իմ անունը բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով ու միջոցներով, ի սկզբանե չափազանց բարձր նշաձող վերցրին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը։
"Սկզբում նրանք փորձեցին ինձանից Պաբլո Էսկոբարի նման փորձված մաքսանենգ սարքել։ Հասկանալի է, որ դա նրանց մոտ չստացվեց՝ կեղծիքը հավաստիության այդպես էլ չվերաճեց։ Դրանից հետո իջեցվեց նաեւ նշաձողը։ Հիմա ինձ հետևում են, լուսանկարում և մեղադրում են դիմակ չկրելու համար։ Հասկանալի է, որ սա ևս մեկ սուտ է։ Ես ջանասիրաբար հետևում եմ պարետատան բոլոր դրույթներին", - տեղեկացրել է պատգամավորը։
Հակոբյանը սեփական անձի նկատմամբ "նախկինների" նման բարձր ուշադրությունը պայմանավորում է վարչապետ Փաշինյանի հետ իր ազգակցական կապով, ինչպես նաեւ նախկին վարչախմբի ներկայացուցիչներին, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին ուղղված քննադատությամբ։ Նրա կարծիքով ՝ իննքը թիրախավորվել է "միշիկական լրատվամիջոցների և այլ կամակատարների" կողմից հենց նրա հասցեին քննադատությունից հետո։ Հենց այդ ժամանակ էլ ջրի երես դուրս եկավ ու երկու ամսվա ընթացքում բարեհաջող խորտակվեց ծխախոտի մաքսանենգության պատմությունը։
Նման էժանագին հնարքներով Նիկոլ Փաշինյանի հակառակորդները, Հակոբյանի գնահատմամբ, փորձում են հնարավորինս շատ վնաս հասցնել վարչապետի ընտանիքի անդամներին։ Ընդ որում, նրանց գործողություններն ուղղված են ընդդեմ բոլորի, այդ թվում' երեխաների: Խորհրդարանականը կարծում է, որ դրանով վարչապետի հակառակորդներն ակնհայտորեն անցնում են թույլատրելիի սահմանները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդուն՝ Սիփան Փաշինյանին, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանին եւ Աննա Հակոբյանի եղբորը ՝ Հրաչ Հակոբյանին մեղադրել էր ՌԴ տարածք ծխախոտի մաքսանենգություն կազմակերպելու մեջ: Դրանից հետո Ինտերպոլի հայկական բյուրոն հարցում է ուղարկել ՌԴ ոստիկանություն, խնդրելով հայտնել տվյալ բեռն ուղարկողների եւ ստացողների մասին տվյալները: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Armenian Tobacco Company գործարանում արտադրված 40 տոննա "Zenon" եւ "Magnus" սիգարետները պետք է ընդունվեին Սիմֆերոպոլում, իսկ Կրասնոդարում միջանկյալ վայրէջքը կատարվել է սահմանային զննման նպատակով: Ըստ փաստաթղթերի, ապրանքի ստացողը "Volax Promotions" ընկերությունն է, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանը։ Բեռը փոխադրվել Է Ռուսաստանի ԱԻՆ օդանավի սեփականատիրոջ եւ ռուսական T-Trans LLC տրանսպորտային ընկերության միջեւ պայմանագրով։ Ավելին, ռուս իրավապահները ոչ մի պահանջ կամ մեղադրանք չեն ներկայացրել և որևէ սահմանափակում չեն կիրառել բեռի նկատմամբ։ Այդպիսով, ծխախոտի արտահանումն իրականացվել է հայկական եւ միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Իսկ այդ գործարքներին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաեւ նրանց հարազատների մասնակցության փաստացի վկայություններ չեն ստացվել։