Արմինֆո. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին:
Ինչպես հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը, նամակում, մասնավորապես, ասված է․ «Հարգելի Նախագահ, Շնորհակալություն Ձեր 2020 թ․ հունիսի 25-ի նամակի համար։
Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։
Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ։ Հարգանքներով՝ Ջիանի Բուքիքիո»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է օրինագծերի փաթեթը, այդ թվում ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Համապատասխան փոփոխությունները Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հունիսի 22-ի արտահերթ նիստում։
Փոփոխությունների համաձայն՝ մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն ընդհանուր պակաս քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները (տիկին Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը եւ Հ. Թովմասյանը) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման ընդհանուր ժամկետի 12 տարին լրանալը՝ «որպես Սահմանադրական դատարանի դատավոր»: Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրելու է Սահմանադրական դատարանը՝ դատարանի ամբողջական կազմի (9 դատավոր) համալրումից հետո: