Արմինֆո. Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում: «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։
Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ», - գրել է վարչապետը։
ՍԴ դատավոր Վահե Գրիրգորյանն, իր հերթին, Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է, եւ նրանց փոխարեն՝ 2-ամսյա ժամկետում, Կառավարությունը, նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի մեկական թեկնածու՝ Ազգային ժողովի ընտրությանը:
«Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն ընդհանուր պակաս քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները (տիկին Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը եւ Հ. Թովմասյանը) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման ընդհանուր ժամկետի 12 տարին լրանալը՝ «որպես Սահմանադրական դատարանի դատավոր»: Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրելու է Սահմանադրական դատարանը՝ դատարանի ամբողջական կազմի (9 դատավոր) համալրումից հետո:
Մինչ դատական կազմի համալրումը, Սահմանադրական դատարանում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավազորության համար, այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի: Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը», - գրել է Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է օրինագծերի փաթեթը, այդ թվում ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Համապատասխան փոփոխությունները Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հունիսի 22-ի արտահերթ նիստում։
Այս տարվա մայիսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին ՝ "Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին" (Վենետիկի հանձնաժողով) ուղարկելով Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր։ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջ քաշված երեք իրավական հարցերի վերաբերյալ, ընդգծել է առաջարկվող որոշումների լեգիտիմ նպատակը եւ դրանց համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Խոսքը ՀՀ Սահմանադրության վերը նշված փոփոխությունների մասին է։
"Հայաստանի կառավարությունը գոհունակություն է հայտնում Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության եւ գործադրած ջանքերի կապակցությամբ, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը եվրոպական չափանիշներին համապատասխան հաղթահարելու լեգիտիմ նպատակին", - նշվում է ՀՀ արդարադատության նախարարության ավելի վաղ տարածած հայտարարության մեջ: