Արմինֆո. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ու դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հայտարարություն են տարածել՝ ի պատասխան երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարության։ ՍԴ նախագահիի ու դատավորների հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման: Վերոգրյալից ելնելով՝ համապատասխան պաշտոնյաներին հորդորում ենք դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է օրինագծերի փաթեթը, այդ թվում ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Համապատասխան փոփոխությունները Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հունիսի 22-ի արտահերթ նիստում։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն, պետք է դադարեցվեն Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի։ Այն բանից հետո, երբ դատավորների թափուր պաշտոնները զբաղեցվեն, տեղի կունենան ՍԴ նոր ղեկավարի ընտրություններ։ Այդպիսով, Հրայր Թովմասյանը կզրկվի Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնից, բայց կարող է շարունակել աշխատել որպես դատավոր։
Այս տարվա մայիսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին ՝ "Իրավունքի միջոցով հանուն ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին" (Վենետիկի հանձնաժողով) ուղարկելով Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր։ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջ քաշված երեք իրավական հարցերի վերաբերյալ, ընդգծել է առաջարկվող որոշումների լեգիտիմ նպատակը եւ դրանց համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Խոսքը ՀՀ Սահմանադրության վերը նշված փոփոխությունների մասին է։
"Հայաստանի կառավարությունը գոհունակություն է հայտնում Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության եւ գործադրած ջանքերի կապակցությամբ, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը եվրոպական չափանիշներին համապատասխան հաղթահարելու լեգիտիմ նպատակին", - նշվում է ՀՀ արդարադատության նախարարության ավելի վաղ տարածած հայտարարության մեջ: