Արմինֆո. Վրաստանում միջազգային կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը պաշտոնապես երկարաձգվել է մինչեւ հուլիսի 31-ը: Այդ մասին հաղորդում է "Էխո Կավկազա"-ն՝ վկայակոչելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը։
Աղբյուրի համաձայն ՝ գերատեսչությունում քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ ավիատոմսերի գնումից մինչև իշխանությունների կողմից թռիչքների վերսկսման և չվացուցակի հաստատման մասին վերջնական որոշման ընդունումը: Գործակալության տեղեկատվության համաձայն ՝ ավիաընկերությունները կշարունակեն չարտերային չվերթներ իրականացնել դեպի Վրաստան:
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ հուլիսի վերջը: "Մեծ հավանականությամբ մենք ստիպված կլինենք հետաձգել կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման ամսաթիվը մինչեւ հուլիսի վերջ", - նշել էր Տուրնավան:
Նախարարը հայտարարել էր, որ վրացական իշխանությունները սպասում են երրորդ երկրների համար սահմանների բացման ԵՄ որոշմանը, ինչպես նաեւ հաշվի են առնում համաճարակաբանական իրավիճակը: "Կարևորը մեր քաղաքացիների առողջությունն է", - ասել էր նա:
Վրաստանը մարտի 18-ից դադարեցրել է կանոնավոր ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին միաժամանակ փակելով սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար:
Ավելի վաղ վրացական իշխանությունները հաղորդել էին, որ արտասահմանցի զբոսաշրջիկների համար սահմանները կբացեն հուլիսի 1-ից, սակայն նախատեսվում է նրանց ընդունել միայն կորոնավիրուսի տարածման ցածր մակարդակ ունեցող երկրներից:
Նաեւ հաղորդվել էր, որ առաջիկա օրերին Վրաստանի իշխանությունները պետք է ներկայացնեն "կանաչ երկրների" ցուցակը, այսինքն՝ համաճարակաբանական տեսանկյունից անվտանգ երկրները: Ինչպես սպասվում է, թույլ կտան ուղեւորների մուտքը Գերմանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Բալթյան երկրներից: Ընդ որում, նշվում է, որ ըստ ամենայնի, Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը եւ եւս մի քանի երկրներ, որոնցից Վրաստանն ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունում, այդ ցուցակում չեն հայտնվի: