Արմինֆո.Սահմանադրական դատարանի դատավորները խիստ մտահոգված են ՍԴ- ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՍԴ դատավորների տարածած հայտարարությունում:
«Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան եւ միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում եւ որոշումներում առաջնորդվել միայն եւ բացառապես Սահմանադրությամբ։
Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստտորագրել են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արեւիկ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրել է օրինագծերի փաթեթը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Համապատասխան փոփոխությունները Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հունիսի 22-ի արտահերթ նիստում։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն, պետք է դադարեցվեն Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի։ Այն բանից հետո, երբ դատավորների թափուր պաշտոնները զբաղեցվեն, տեղի կունենան ՍԴ նոր ղեկավարի ընտրություններ։ Այսպիսով, Հրայր Թովմասյանը կզրկվի Սահմանադրական դատարանի ղեկավարի պաշտոնից, բայց կկարողանա շարունակել աշխատել որպես դատավոր։
Այս տարվա մայիսին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկելով Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ծագած ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր։ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջ քաշված երեք իրավական հարցերի վերաբերյալ, ընդգծել առաջարկվող որոշումների լեգիտիմ նպատակը եւ դրանց համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Խոսքը ՀՀ Սահմանադրության վերը նշված փոփոխությունների մասին է։
"Հայաստանի կառավարությունը գոհունակություն է հայտնում Եվրոպայի խորհրդի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության եւ գործադրած ջանքերի կապակցությամբ, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը եվրոպական չափանիշներին համապատասխան հաղթահարելու լեգիտիմ նպատակին", - նշվում է ՀՀ արդարադատության նախարարության ավելի վաղ տարածած հայտարարության մեջ: