Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պարզաբանումներով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին տեղեկատվության առնչությամբ:
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարման դատարանի օրինական վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Դատարանի վճիռը կոչված է ապահովելու օրենքի կատարումը, իսկ օրենքով սահմանված ընթացակարգերը իրականացնելը տևում է որոշակի ժամանակահատված։ Հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցների յուրաքանչյուր լումա ունի իր գործառնական նշանակությունը և նախատեսված է կոնկրետ ծրագրի իրականացման համար, որի մեջ ներառված չեն նախկինում հնարավոր թերացումների, իրավական չկարգավորված հարցերի հետևանքով առաջացած ծախսերը, Ցոլակ Խաչատրյանի և այլ զինծառայողների պահանջմունքների բավարարումը։ Ոչ միայն Ցոլակ Խաչատրյանի մասով, այլև օրինական ուժի մեջ մտած մի շարք այլ դատական ակտերի կատարումն ապահովելու նպատակով Պաշտպանության նախարարությունը ՍՏԻՊՎԱԾ էր իրականացնել որոշ ծրագրերի կրճատումներ։ Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը գարնանը սահմանված կարգով նախաձեռնել է բյուջետային միջոցների վերաբաշխում։ Համապատասխան ընթացակարգերն ավարտված են և շահառուի կողմից բանկային վավերապայմանները տրամադրելուց հետո առաջիկայում կիրականացվի վճռի կատարումը։ Ինչ վերաբերում է քրգործ հարուցելուն, ապա այդ մասին պաշտոնապես ՊՆ-ին դեռ չի տեղեկացվել։ Եվ մի հավելում՝ չի կարող քրգործ հարուցվել նախարարի դեմ, գործ կարող է հարուցվել փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարը որևէ քննվող գործով դատավարական կարգավիճակ չունի, անգամ՝ վկայի։ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են»:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ պահեստազորի սպայի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեում նշել են, որ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և այլ պաշտոնատար անձանց դեմ ներկայացված դիմումի հիման վրա ՝ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները դիտավորությամբ չկատարելը ՝ դատավճռի, որոշման կամ այլ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո): Գործով Տոնոյանն առայժմ կարգավիճակ չունի, իսկ Ցոլակ Խաչատրյանը տուժող է ճանաչվել։ Ինքը ՝ Խաչատրյանը, իր ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ նախարար Տոնոյանը չի կատարել ուժի մեջ մտած դատարանի ակտը, որը վերաբերում է չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցմանը եւ տուգանքների վճարմանը ։ Այդ գումարը կազմում է մոտ 14 մլն դրամ։