Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք զորահանդեսին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիեւն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում: Ադրբեջանի նախագահն ափսոսանք է հայտնել Ադրբեջանում կարանտինային միջոցառումների երկարացման պատճառով Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու անհնարինության կապակցությամբ: Ալիեւը նշել է, որ ԱՀ-ն այդ միջոցառմանը ներկայացված կլինի պաշտպանության նախարարի եւ ադրբեջանական բանակի 75 զինծառայողների կողմից: Վլադիմիր Պուտինը ըմբռնումով է մոտեցել իրավիճակին։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահը հաստատել էին իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Կարմիր հրապարակում 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի դրոշի ներքո կանցնեն նաեւ հայկական զինված ուժերը, որոնք արդեն Մոսկվայում են եւ մասնակցում են շքերթի փորձերին:
Նշենք, որ հունիսի 11-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Ռուսաստանը 12 պետությունների ղեկավարներից հաստատում է ստացել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու մտադրության մասին, մեծ մասը՝ ԱՊՀ անդամ երկրներ:
Հունիսի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ շքերթին կմասնակցի շուրջ 14 հազար մարդ: Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել հունիսի 24-ին զորահանդես եւ հրավառություն անցկացնելու մասին ՝ ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի: Ավելի ուշ ՌԴ նախագահը այդ օրը հայտարարել է ոչ աշխատանքային: