Արմինֆո. Թուրք դիվանագետ Վոլքան Բոզքըրն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ, որը կսկսվի սեպտեմբերին:
Բոզքըրն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ ՝ չնայած Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի բողոքներին ։ Նրա թեկնածության օգտին քվեարկել են ՄԱԿ-ի ԳԱ-ի 193 անդամներից 178-ի ներկայացուցիչները, ընդ որում՝ 14 երկրներ դեմ են հանդես եկել Բոզքըրի թեկնածությանը: Հարկ է նաև նշել, որ նա այդ պաշտոնի միակ թեկնածուն էր ։
Վոլքան Բոզքըրը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 22-ին Անկարայում ։ Ներկայումս Բոզքըրը գլխավորում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը ։ Ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիության հարցերով նախարարի եւ ԵՄ-ի հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակության ղեկավարի պաշտոնը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը պահանջել են քվեարկություն անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածության շուրջ, որին հավակնում է Թուրքիան։
Նաղդալյանը հայտնել էր, որ համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրն էր: Նաղդալյանը նշել էր, որ Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: <Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ>,-ասել էր նա՝ փաստելով, որ սա ՄԱԿ-ի պատմոթյան ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:
<Պետք է նշեմ, որ մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ: Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»:
Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին:
Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին>,- նշել էր ԱԳՆ մամուլի խոսնակը։