Արմինֆո. Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գրեթե ողջ ընթացքում ադրբեջանահայ փախստականների խնդիրները նպատակաուղղված անտեսվում և լռության էին մատնվում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
<Այդ լռության պատասխանատվությունը, իմ կարծիքով, ընկած է ինչպես պաշտոնական Երեւանի, այնպես էլ՝ Արցախի իշխանությունների վրա ։ Հիմա չեմ խորանա մանրամասների մեջ և միայն ասեմ, որ բանակցությունների ընդհանուր համատեքստում այդ առանցքային խնդրի քաղաքական-դիվանագիտական ներդրման հայեցակարգը վաղուց է պատրաստ ։ Այս հայեցակարգը կարեւորագույն գործոն է Արցախի շուրջ բանակցություններում մեր կենսական շահերի պաշտպանության եւ իրական առաջխաղացման համար ։ Ես ինքս բազմիցս բարձրաձայնել եմ այդ մասին>, - ընդգծել է նա ։
Մելիքյանը ցավով նշել է, որ մինչև վերջերս այդ ուղղությամբ որևէ տեղաշարժ չի եղել: Ավելին, նրա գնահատականներով, ադրբեջանահայ փախստականների խնդիրը հանվել է քաղաքականությունից և միայն հաճախ են այն օգտագործում՝ զուտ քարոզչական նպատակներով, փոխանակ իրապես ձեռնամուխ լինելու Ադրբեջանից մեր փախստականների խնդրի համապարփակ իրավաքաղաքական լուծմանը։
<Պետք է գործ անել, այլ ոչ թե ժամանակ վատնել անբովանդակ խոսակցությունների վրա ։ Բանաձև, որի գործարկման միջոցով կարելի է լիովին պահպանել մեր շահերը՝ թե իրավաքաղաքական, թե տարածքային, թե տնտեսական, թե ժողովրդագրական առումներով, գոյություն ունի ։ Մնում է, վերջապես, կյանքի կոչել այն>, - ամփոփել է դիվանագետը։
Ադրբեջանը պարբերաբար բանակցային գործընթացի փաստարկ է բերում տխրահռչակ <միլիոն փախստականները>։ Բանակցությունների հայկական կողմը հիմնականում շարունակում է վկայակոչել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին ։ Մինչդեռ, Ադրբեջանից հայ փախստականների գործոնի ավելի ակտիվ գործածումը բանակցողներին թույլ կտա, վերջապես, գործընթացը վերադարձնել տարածքների խնդիրներից դեպի հակամարտությունից անմիջականորեն տուժած մարդկանց խնդիրները: Մինչդեռ, ըստ ՄԱԿ – ի տվյալների, Ադրբեջանը օկուպացնում է 360 հազար հայ փախստականի տները, իսկ Հայաստանը ՝ 250 հազար ադրբեջանցու տներ: