Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:
Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև ԵԺԿ ղեկավար կազմի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրանեսթի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ:
Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:
Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին` ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա:
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, թե Դոնալդ Տուսկը, իբր, իր թվիթերյան էջում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին ՝ նշելով, որ <ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է արել երկրի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։ Միեւնույն ժամանակ ԵԺԿ-ն շարունակելու է աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերություններին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում ՝ քաղաքական կամք ցուցաբերելով դրա լիարժեք վավերացման եւ իրականացման համար>։
Մինչդեռ, Դոնալդ Տուսկի Twitter-ի էջում համապատասխան գրառում չի հաջողվել հայտնաբերել: Այստեղ հարց է առաջանում՝ որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, թե՞ երկրի հասարակությունը կրկին ապատեղեկացվել է մի շարք ԶԼՄ-ների կողմից տարածված հերթական ֆեյք լուրով։