Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն կապի մեջ է լիբանանահայ համայնքի տարբեր կառույցների հետ։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարը համոզմունք է հայտնել, որ Լիբանանի հասարակությունը կդիմակայի երկրում այլատյացության բոլոր դրսևորումներին: Նա նաև նշել է, որ հայ համայնքն իր մեծ դերակատարությունն ունի Լիբանանի կյանքում: "Հայերը, ինչպես և բարեկամ Լիբանանի բոլոր քաղաքացիները, այդ երկրի մյուս քաղաքացիների հետ համահավասար կիսում են այդ երկրում կյանքի ձեռքբերումներն ու դժվարությունները։ Սակայն այլատյացության դրսևորումն ուղղված է, առաջին հերթին, Լիբանանի հասարակության դեմ։ Անհրաժեշտության դեպքում՝ Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին", - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բեյրութում հակահայկական ակցիա էր տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում են Լիբանանի հայկական լրատվամիջոցները, այդ ակցիան կազմակերպել էր թուրքամետ հասարակական կազմակերպությունը։