Արմինֆո. Առաջիկայում շրջակա միջավայրի նախարար կնշանակվի։ Այդ մասին հունիսի 17-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև նշել է, որ Էրիկ Գրիգորյանին զբաղեցրած պաշտոնից ազատելուց հետո նախարարությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Էրիկ Գրիգորյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատելու մասին: Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար էր նշանակվել նախորդ տարվա հունիսի 1-ին, իսկ մինչ այդ՝ 2018 թվականի մայիսի 12-ից զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը:
Ավելի վաղ, ներկայացնելով նախարարի պաշտոնում իր աշխատանքի արդյունքները, Գրիգորյանը, մասնավորապես, անդրադարձել էր տարբեր ոլորտներում արձանագրված խախտումների ծավալներին: Այսպես, միայն Սեւանի ափամերձ հատվածներում հաջողվել էր հայտնաբերել մոտ 500 հա ապօրինի զավթված տարածքներ։ Բացի այդ, ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված 5 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագիրը: Ինչ վերաբերում է ՀԷԿ ոլորտին, ապա առաջին անգամ օրենսդրական փոփոխության շնորհիվ ՀԷԿ-երը ավելացված ջրառի համար պետք է փոխհատուցեն ջրային ռեսուրսների վնասը: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա առաջին անգամ ստեղծվել է 49 լքված/անտեր պոչամբարների եւ հանքարդյունաբերական թափոնների այլ կուտակումների բազա: Պոչամբարում կուտակվող թափոնները դասակարգվել են որպես վտանգավոր, եւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հանքարդյունաբերական ձեռնարկությունները 2021 թվականից ի վեր կվճարեն թափոնների տեղաբաշխման համար բնապահպանական վճարը: