Արմինֆո. ՊԲ արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի ներգրավմամբ, հունիսի 17-ին ՊԲ <<Տիգրանակերտ>> զորավարժարանում խաղարկվել է գումարտակային-մարտավարական զորավարժությունների մարտական հրաձգության փուլը: Զորավարժությունները, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, անց է կացվել զորամասում իրականացվող տեսչական ստուգումների շրջանակում:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զորավարժության ընթացքում պայմանական հակառակորդի գրոհը կանխելու և հակահարձակողական գործողություններ իրականացնելու համար կիրառվել են գումարտակում առկա հաստիքային բոլոր միջոցները՝ ուժեղացված հրետանային ու հետախուզական հավելյալ ուժերով:
«Զորավարժության ամբողջ ընթացքում անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն, ստորաբաժանումների հրամանատարները գործել են հստակ, ղեկավարումը իրականացվել է պատշաճ մակարդակով: Հարկ է նշել, որ ինչպես գումարտակային մարտավարական զորավարժությունների, այնպես էլ դրան նախորդած քննությունների արդյունքերով զորամասի զինծառայողները ստացել են լավ գնահատականներ, իսկ որ ամենակարևորն է բոլոր միջոցառումների ընթացքում դրսևորել են մարտական պատրաստության ու պատրաստականության անհրաժեշտ մակարդակ», - ասվում է հաղորդագրությունում: