Արմինֆո.«Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով», - ասվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի տտարածած հայտարարությունում:
«Տվյալ իրավիճակում սահմանափակվում եւ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ եւ ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչեւ խաղաղ հավաքներ իրականացնելու եւ ազատ տեղաշարժի իրավունքները։ Իշխանության համար գերակա է դարձել ոչ թե ժողովրդի եւ պետության, ապագան, այլ սեփական ավտորիտար իշխանությունն ամեն գնով երկարացնելու մոլուցքը, ինչի ապացույցն է նաեւ վերջին օրերին տեսանելի դարձած քաղաքական հետապնդումների նոր ալիքը։ Հայաստանում այլեւս ոչ միայն համավարակային, այլեւ քաղաքական ճգնաժամ է։ Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.
- Խստորեն դատարպարտում է առ այսօր շարունակվող բռնատիրական գործելաոճը, որի պատճառով պետական ռեպրեսիվ ապարատի ճիրաններում հերթով հայտնվում են բազում պետական, քաղաքական եւ հանրային գործիչներ։
- Արձանագրում է, որ այս կերպով իշխանությունները հարված են հասցնում Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը, խոցելի դարձնելով մեզ արտաքին սպառնալիքների նկատմամբ։
- Վերահաստատում է, որ ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է եւ ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա եւ պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
- Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին պատշաճ գնահատական տալ Հայաստանում ստեղծված ճգնաժամին, մասնավորապես ժողովրդավարության ասպարեզում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։
- Իր պարտքն է համարում բոլոր հասանելի հնարավորություններով տեղեկացնել սույն հայտարարության մասին ՀՀԿ միջազգային գործընկերներին», - ասվում է հայտարարությունում։