Արմինֆո.: «Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, ինչպես նաև սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով՝ պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների», - ասվում է «Հայրենիք» «Հ.Յ. Դաշնակցություն» «Մեկ Հայաստան» կուսակցությունների տարածած հայտարարությունում:
«Ակներև է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու նրա անձի վարկաբեկման արշավը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս հանդես եկավ Կառավարության ամբողջական ձախողման և տապալման մասին քաղաքական գնահատականով և կառավարության ամբողջ կազմի հրաժարականի պահանջով։ Դրա վառ վկայությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումներն էին Ազգային ժողովում։ Տարված լինելով ամբողջատիրական նկրտումներով և Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը հաստատելու մոլուցքով, իշխանությունը մերժել է քաղաքական ընդդիմության կողմից մեր պետության և հասարկության առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկացած նախաձեռնություն։ Բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում, բռնաճնշումների, անհանդուրժողականության և ազգային պառակտումի այս մթնոլորտը Հայաստանի պետականության ընթացքը կանգնեցնում է անկանխատեսելի սպառնալիքների և կորուստների վտանգի առջև: Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ գործելաոճից և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները։», - ասվում է հայտարարությունում:
Հավելենք, որ այսօր Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Այժմ քննարկվում է գլխավոր դատախազի ՝ նրան կալանավորելու միջնորդությունը։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառելու և տնտեսական բնույթի մի քանի հանցագործությունների համար։