Արմինֆո. Հայաստանցի ջութակահարուհի Դիանա Ադամյանը ճանաչվել է Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթող:
Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը, երկրորդ տեղը զբաղեցրել Է Մայքլ Հերմերը՝ Դանիայից, երրորդ տեղը կիսել են Լորենցո Կարլսը՝ Շվեդիայից, եւ Բելլ Թինգը՝ Թայվանից: Հայ ջութակահար Ֆելիքս Հարությունյանն արժանացել է դափնեկրի դիպլոմի։
Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը մեկնարկել էր հուննիսի 6-ին Երեւանում: Կորոնավիրուսի համավարակի եւ մեկուսացման ռեժիմի պայմաններում մրցույթը, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում, անցել է թվային ձևաչափի՝ դառնալով դասական երաժշտության նման ձևաչափի առաջին մրցույթն աշխարհում։ Այս տարի շեշտը դրվել է "ջութակ" մասնագիտության վրա։ Մրցույթին մասնակցել են 19 ջութակահարներ 13 երկրներից՝ ներառյալ Թայվանը, Կորեայի Հանրապետությունը, Հոնկոնգը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Կանադան, Դանիան, Շվեդիան, Ճապոնիան, Ավստրիան, Հունաստանը և Հայաստանը:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում։ 2013 թվականին Խաչատրյանի անվան մրցույթն ընդգրկվել է միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայում և այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթն է։ Մրցույթը նպատակաուղղված է "դաշնամուր", "ջութակ", "թավջութակ", "դիրիժորություն", "վոկալ" մասնագիտություններով տաղանդավոր երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: