Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդություն, որոնք վերաբերում են ԲՀԿ առաջնորդ և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և նրան ազատությունից զրկելուն: Այդ մասին այսօր ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ "Այս հարցը կքննարկվի վաղը խորհրդարանի հերթական նիստի ընթացքում", - ընդգծել է նա: Լրագրողների խնդրանքին՝ իր վերաբերմունքն արտահայտել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամների կողմից այդ հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ հնչող մեղադրանքների նկատմամբ, Միրզոյանը վստահեցրել է, որ գործը գտնվում է բացառապես իրավական դաշտում։ "Ակնհայտ է, որ քրեական գործը հարուցվել է բավականին վաղուց, որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, հարցը գտնվում է բացառապես իրավական հարթությունում", - եզրափակել է Միրզոյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը
խուզարկություններ է կատարել ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, որից հետո նրան կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են խաղային բիզնեսի ոլորտում անօրինական ձեռնարկատիրական գործունեության համար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 60 մլն դոլարի վնաս, ինչպես նաեւ 2017 թվականին ընտրողներին կաշառելու եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում հողերի ապօրինի յուրացման համար: Հարցաքննությունից հետո կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ շարունակում է իր դեմ հարուցված քրեական գործը համարել քաղաքական հետապնդում, եւ ինքը ոչ մի առնչություն չունի իրեն վերագրվող ընկերությունների կառավարման հետ։ Ծառուկյանը հարցաքննվել է ավելի քան 9 ժամ։ Այդ ժամանակ ՀՀ ԱԱԾ-ի մոտ հավաքվել էին Ծառուկյանի հարյուրավոր աջակիցներ և նրա կուսակիցները։ Ըստ ՀՀ ոստիկանության, հունիսի 14-ին բերման են ենթարկել կուսակցության առաջնորդին սատարելու եկած բողոքի ակցիայի 252 մասնակցի, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։