Արմինֆո: Հունիսի 14-ին՝ ժամը 22.00-ի դրությամբ, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին սատարելու համար բողոքի ակցիայի 252 մասնակցի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
<22։00-ի դրությամբ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։Նշված անձինք չեն ենթարկվել նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության օրինական պահանջներին>,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Արձանագրությունները կազմելուց հետո բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ Է իրականացրել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո նրան կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են խաղային բիզնեսի ոլորտում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ, որի արդյունքում պետությանը հասցվել է 60 մլն դոլարի վնաս, ինչպես նաեւ 2017 թվականին ընտրողներին կաշառելու եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում հողերի ապօրինի յուրացման մեջ: Հարցաքննությունից հետո կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ շարունակում է իր դեմ հարուցված քրեական գործը համարել քաղաքական հետապնդում, և որ ինքը որևէ կապ չունի իրեն վերագրվող ընկերությունների մենեջմենթի հետ։