Արմինֆո. Օրենքի առաջ բոլորը հավասար են, և սա այլևս անշրջելի է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը
<ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել>,- գրել է նա։
Նախօրեին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ Է իրականացրել <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որից հետո նրան կանչել են ԱԱԾ հարցաքննության։ Իրավապահ մարմինները նրան կասկածում են խաղային բիզնեսի ոլորտում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ, որի արդյունքում պետությանը հասցվել է 60 մլն դոլարի վնաս, ինչպես նաեւ 2017 թվականին ընտրողներին կաշառելու եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում հողերի ապօրինի յուրացման մեջ: Հարցաքննությունից հետո կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ շարունակում է իր դեմ հարուցված քրեական գործը համարել քաղաքական հետապնդում, և որ ինքը որևէ կապ չունի իրեն վերագրվող ընկերությունների մենեջմենթի հետ։ <Բոլոր գործողությունները քաղաքական էին։ Կան սարքած թղթեր։ Եթե այդ ամենը եղել է իմ հայտարարությունից հետո, ապա դրանք բոլորն էլ քաղաքական բնույթ են կրում>, - լրագրողների հետ զրույցում ասել է նա ։ <Կարող եմ միայն ասել, որ ես սեփականատեր եմ եւ կառավարման հետ կապ չունեմ>, - հավելել Է նա։
Հիշեցնենք, որ խուզարկության եւ հարցաքննության գործընթացն ուղեկցվել է գործարարի կողմնակիցների բողոքի ակցիայով: Պարբերաբար իրավապահները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ կազմվում էին COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի խախտումների առնչությամբ վարչական վարույթներ: