Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Եվրոպական խորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլիին, ինչպես նաեւ եվրոպացի խորհրդարանականներին, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին եւ Ժելյան Զովկոյին, ինչպես նաեւ պատվիրակության նախագահ Մարինե Կալյուրանդին, Renew Europe խմբի նախագահ Դաչիան Չոլոշին, լիբերալների եւ Եվրոպայի դեմոկրատների դաշինքի նախագահ Հանս վան Բալենին: ԼՀԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մարուքյանը, մասնավորապես, գրել է.
«Նախօրեին ափսոսանքով տեղեկացանք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։ ԵՄ-ն բազմիցս հաստատել է իր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պահպանի առաջատարի իր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում և միշտ վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերին, որոնք մերժում են բռնությունը։ ԵՄ-ն մի քանի անգամ կոչ է արել շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի և խաթարել միջնորդության շարունակական ջանքերը: Բոլորովին վերջերս արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ պարոն Բորելը վերահաստատեց ԵՄ աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ակնհայտ է, որ պատգամավորների հայտարարությունը ամենևին էլ չի համապատասխանում ԵՄ պաշտոնական քաղաքականությանը: Կրկին ափսոսանքով պետք է հայտնենք, որ հայտարարությունում արտահայտված դիրքորոշումները և օգտագործված արտահայտությունները ոչ միայն չեն համապատասխանում ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի մանդատի ուժով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունների տրամաբանությանը և ոգուն, այլ նաև ուղղակիորեն հակասում են դրանց ու ներկայացնում են խնդիրը խեղաթյուրված ու միակողմանի համատեքստում՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով ադրբեջանական կողմի համար՝ նորից դիմելու ուժի կիրառման սպառնալիքին, իսկ հարմար պահին՝ նաև ուժի կիրառմանը։ Նման դեպքի մենք բոլորս, ականատես եղանք 2016թ֊ի ապրիլի 02-ին, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգևորված մի քանի միակողմանի հայտարարություններից, խախտեց ուժի կիրառման արգելքի՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքը (ՄԱԿ, Կանոնադրություն, հոդված 2) և սկսեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ թիրախ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և կատարելով մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց հետ կապված արդեն իսկ դատական գործընթացներ կան Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում։ Միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունը, որը հիմնված չէ ո՛չ հակամարտության փաստական տվյալների, ո՛չ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անհրաժեշտ կենսապայմանների և Մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հրամայականի և ո՛չ էլ համակարտության կողմերի վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծման պահանջի վրա, ակնհայտորեն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչպես նաև ակնհայտորեն կասկածի տակ է դնում հայտարարության հեղինակների օբյեկտիվությունը և անաչառությունը։ Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում ենք ներդնել Ձեր քաղաքական ուժի ջանքերը և ազդեցությունը նման միակողմանի հայտարարությունների բացառման, դրանց դատապարտման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանն ու ոգուն խոչընդոտող գործողությունների կանխման ուղղությամբ։ Նախապես հայտնում եմ մեր շնորհակալությունը»։
ԱրմԻնֆո-ն ավեի վաղ հաղորդել էր, որԵվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ավտոմայրուղու կառուցման առնչությամբ։ Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անցած տարի հայտարարված Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի: Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը կկապի Հադրութի հետ ՝ անցնելով Գուբադլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք եւս օկուպացված են: Ըստ էության, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը եւ Արեւելյան հարեւանության մարդկանց միջեւ շփմանը: Այնուամենայնիվ, այդ ճանապարհի կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։ Բացի այդ, դա կարող է խորհրդանշական կերպով ամրագրել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի ապօրինի օկուպացիան։ Այս կապակցությամբ մենք չափազանց ցավում ենք այդ նախաձեռնության համար, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտության համար պայմանների ստեղծմանը>, - նշել են հայտարարության հեղինակները ՝ միաժամանակ կրկին հայտարարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թվականի հիմնարար սկզբունքներին աջակցելու մասին:
«Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - նշված է հայտարարության մեջ: