Արմինֆո.Տարածաշրջանային կայունության և խաղաղության առնչությամբ, այդ թվում համավարակի ժամանակ, Հայաստանը միացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արևելյան գործընկերության՝ տեսաժողովի ձևաչափով անցկացված նախարարական համաժողովին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը և կոչ արել կողմերին ձեռնարկել հետագա միջոցառումներ լարվածության նվազեցման ուղղությամբ։
<Սակայն մենք ականատես ենք լինում համավարակի ժամանակ լայնածավալ զորավարժությունների անցկացմանը և Հայաստանին ուղղված անթաքույց պատերազմական սպառնալիքների: Այս գործողություններն ունեն սադրիչ բնույթ և չեն նպաստում լարվածության նվազեցմանը:
Անդրադառնալով հակամարտություններին՝ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ուրույն անվտանգության միջավայրը, մշակութային և պատմական համատեքստը, հանգուցալուծման տարբեր դինամիկան և բովանդակությունը, որոնց հիման վրա էլ պետք է այն դիտարկվի: Հակամարտությունների հարցին անդրադառնալիս տարբերակումն անհրաժեշտ է>,- ասել է Մնացականյանը։