Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում Արցախի Հանրապետություն մուտք գործելու սահմանափակումները: Մասնավորապես, հունիսի 15-ից ԱՀ քաղաքացիները (բացառությամբ մինչև վեց տարեկան երեխաների) Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս անցակետում ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ (ռապիդ) թեստի դեպքում՝ երկու օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը: Սույն կանոնից բացառություն կարող է արվել միայն Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում: Թեստի պատասխանը բացասական լինելու և զննությամբ վարակի ախտանիշներ չհայտնաբերվելու դեպքում բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման (բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի): Թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ:
Վերոնշված իրավակարգավորումը վերաբերում է նաև ԱՀ քաղաքացի չհանդիսացող անձանց՝ այն տարբերությամբ, որ թեստի պատասխանը չներկայացնելու, թեստի դրական պատասխանի կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում ընդհանրապես կարգելվի նրանց մուտքն Արցախի Հանրապետության տարածք: