


Արմինֆո. Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ավտոմայրուղու կառուցման առնչությամբ։
Պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Տրայան Բեսեսկուի, Ադրբեջանի մասով ԵԽ-ի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
<Անցած տարի հայտարարված Հայաստանը և Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարությունը շուտով կսկսվի:
Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը կկապի Հադրութի հետ ՝ անցնելով Գուբադլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք եւս օկուպացված են:
Ըստ էության, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը եւ Արեւելյան հարեւանության մարդկանց միջեւ շփմանը:
Այնուամենայնիվ, այդ ճանապարհի կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության ՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ։ Բացի այդ, դա կարող է խորհրդանշական կերպով ամրագրել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի ապօրինի օկուպացիան։
Այս կապակցությամբ մենք չափազանց ցավում ենք այդ նախաձեռնության համար, քանի որ այն չի նպաստում վստահության, խաղաղության եւ հաշտության համար պայմանների ստեղծմանը>, - նշել են հայտարարության հեղինակները ՝ միաժամանակ կրկին հայտարարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թվականի հիմնարար սկզբունքներին աջակցելու մասին:
<Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում բարեխղճորեն ակտիվացնել իրենց ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում>․- նշված է հայտարարության մեջ:



