


Արմինֆո. Հունիսի 10-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:
Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվել "ՀԿԵ" ՓԲԸ-ին ' համաձայն 2008թ.փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի, որի գործողության ժամկետը 30 տարի է՝ եւս 10 տարի երկարաձգման իրավունքով:



