Արմինֆո. Լիտվացի բժիշկներն ու մասնագետները գործուղվել են Հայաստան՝ նպաստելու Covid-19-ի դեմ պայքարին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել Է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը։
"Հայաստանը շարունակում է ինտենսիվ ջանքեր գործադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում, և Լիտվան այս հարցում շարունակում է գտնվել մեր հայ բարեկամների կողքին։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել բուժանձնակազմին եւ մասնագետներին գործուղել Հայաստան ՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով: Միասին մենք կհաղթահարենք բոլոր փորձությունները", - նշել Է Լիտվայի ԱԳ նախարարը ։
Հավելենք, որ հունիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է եւս 775 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 14103 դեպք, ապաքինվել է 5226 մարդ, մահացել է՝ 227 հիվանդ: Վերջին օրվա ընթացքում հիվանդությունը 54-93 տարեկան 10 մարդու կյանք է խլել, նրանք բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Անցած օրվա ընթացքում արձանագրվել է նաեւ մահվան երեք դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այսպիսով, նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 77-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 73156 թեստ (որոնցից 1749-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում):