Արմինֆո.Շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս մասին ասվում է Լիբիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։
<Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման>,- նշել է Նաղդալյանը։
Նախօրեին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել էր Լիբիայում զինադադարի նոր նախաձեռնության մասին, որը նախատեսում է հրադադար և քաղաքական կարգավորման պայմաններ: <Միջմայրցամաքային նախաձեռնությունն ուղղված է մարտական գործողությունների դադարեցմանը, այն ներառում է օտարերկրյա զինյալների դուրսբերումը եւ խմբավորումների զինաթափումը>, - ասել է աս Սիսին՝ ամփոփելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարի եւ Լիբիայի արեւելքում նիստեր անցկացնող Ներկայացուցիչների պալատի ղեկավար Ակիլա Սալեհի հետ հանդիպման արդյունքները: