Արմինֆո.Հաշվի առնելով Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներում պարսկական (կովկասյան, առաջավորասիական) ընձառյուծի ներկայության փաստը, ինչը վերջին հիսուն տարիների համար հրաշալի ու աննախադեպ իրադարձություն է, Կովկասի բնության հիմնադրամը / CNF/ ավելացնում է ֆինանսական աջակցությունը «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը՝ վերոնշյալ տարածքներում ևս համակարգված մոնիտորինգ իրականացնելու նպատակով:
CNF-ի հաղորդագրությունում նշվում է, որ այդ ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ՝ ընձառյուծի բնակեցման հավանական տարածքներում համակարգված այցեր կազմակերպելու ու մոնիտորինգ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ CNF-ի և «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2018 թվականին, որի նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկի անտառների հանրային մոնիտորինգի իրականացումը։ Այս ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ պարկում պահպանության գործում դրական տեղաշարժն ակնհայտ է , ինչը ցուցադրում է նախաձեռնության կենսունակությունը ՝ նախանշելով պահպանության նման տարբերակի գործունակությունն ու նոր մակարդակը:
«Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է իր առաքելությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում», - ասվում է հաղորդագրությունում: