Արմինֆո.Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդես է եկել պարզաբանմամբ իր որդու հարսանեկան արարողության վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության առնչությամբ:
ԱրմԻնֆո-ում ստացված տեղեկատվության համաձայն, Դավթյանը, մասնավորապես, ասել է. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես, ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ եւ իմ ընտանիքի անձնական տարածք եւ փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Նախօրեին ԶԼՄ-ներում տարածվել էր տեսահոլովակ, որտեղ երևում է, որ գլխավոր շտաբի պետի տան մոտ կայանված են մեծ թվով ավտոմեքենաներ, և տնից հնչում է բարձր երաժշտություն ։ Ըստ տեսանյութի՝ տանը տոնել են Դավթյանի որդու հարսանիքը։
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ուշ երեկոյան, հանրային լայն հնչեղությունից հետո, որն առաջացել էր այդ տեսանյութի տարածման հետևանքով, ԶՈՒ ԳՇ պետի տուն է այցելել պարետ Տիգրան Ավինյանը՝ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պարետատունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էին արել ձեռնպահ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից (հարսանիքներ, հուղարկավորություններ, ծննդյան տոոներ եւ այլն):